Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գեղեցիկը նկատելու ակնկալիքով

Գեղեցիկը նկատելու ակնկալիքով
06.11.2015 | 11:01

Լույս է տեսել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Վազգենի Չալոյանի «Գեղագիտության պատմություն» գիրքը («Ամրոց գրուպ» հրատարակչություն)։ Հեղինակը նպատակ է ունեցել «ներկայացնելու գեղագիտական մտքի ձևավորման և զարգացման հիմնական ժամանակաշրջանները, ընդգրկելով քաղաքակրթության հիմնարժեքները» (Ծ. Չալոյան, Գեղագիտության պատմություն, Ե., 2015, էջ 351)։
Գիրքը բաղկացած է հետևյալ բաժիններից.
Հին աշխարհ, Անտիկ շրջան, Բյուզանդիա, Պատմական Հայաստան, Վերածնունդ, Լուսավորչության շրջան, 17-19-րդ դդ. (Գերմանիա)։
Թեպետ գիրքն ավարտվում է Հեգելի գեղագիտական ուսմունքով, սակայն գրքի նախաբանը հակիրճ ուրվագծում է գեղագիտական մտքի հետագա զարգացման ուղղությունները՝ մինչև մեր օրերը։ Նշվում են անվանի գիտնականների աշխատությունները և դրանց թեմաները, ինչը լրացնում է և նշում տվյալ գիտության հեռանկարը։
Վերջաբանում կարդում ենք. «Հեղինակի ցանկությունն է եղել ուսանողներին հետաքրքրել գեղագիտությամբ, արվեստի և մշակույթի պատմությամբ՝ նկատի ունենալով, որ ընտրված նյութը նախատեսվում է հատկապես արվեստի բուհերում ուսանողական գործընթացի ծրագրում» (անդ)։
Կարելի է ասել, որ Ծ. Չալոյանը վաղուց է հասել իր նպատակին, նախքան գրքի հրապարակումը՝ իր ուշագրավ դասախոսություններով։ Իսկ գիրքը, հուսով ենք, հետաքրքրության նոր ալիք կբարձրացնի և ոչ միայն ուսանողների միջավայրում։
Հեղինակը մեջբերում է 19-րդ դարի ֆրանսիացի մտածող Թեոֆիլ Գոտիեի հետևյալ միտքը. «Տեսնելու ընդունակության պակասը հիմքն է բոլոր գեղարվեստական սահմանափակումների և անհաջողությունների» (անդ, էջ 350)։ Կարծում ենք՝ նորալույս գրքում ներկայացված դասական չափանիշները կօգնեն ընթերցողներին «տեսնելու», նկատելու գեղեցիկը, գեղագիտականը և կողմնորոշվելու գեղարվեստական կյանքի մերօրյա վայրիվերումներում։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 4594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ